ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՕԲԱՄԱՆ ԹՈՒՅԼ ՏՎԵ՞Ց ԷՐԴՈՂԱՆԻՆ ՆԵՐՔԱՇԵԼ ԻՐԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՂԻ ՄԵՋ

ՕԲԱՄԱՆ ԹՈՒՅԼ ՏՎԵ՞Ց ԷՐԴՈՂԱՆԻՆ ՆԵՐՔԱՇԵԼ ԻՐԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՂԻ ՄԵՋ
11.12.2009 | 00:00

Ոչ շատ վաղուց ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հնչեցրած հարցին, թե ինչով է պայմանավորված Թուրքիայի աննախադեպ քաղաքական ակտիվացումը, Ահմեդ Դավուդօղլուն պատասխանել էր. «Քարտեզի վրա մատնանշեք Թուրքիայի շուրջը գտնվող տարածքը 1000 կմ շրջագծով և կտեսնեք, որ այնտեղ է գտնվում ոչ պակաս քան 20 երկիր։ Մեծացրեք այդ շրջագիծը մինչև 3000 կմ, և այնտեղ կհայտնվի շուրջ 70 երկիր։ Իսկ քանի՞ երկիր է գտնվում ԱՄՆ-ի շուրջը»։
Դավուդօղլուի այս հայտարարությունն արժանի է մտաբերման հատկապես Թուրքիայի վարչապետ Էրդողանի` ԱՄՆ կատարած այցի խորապատկերին։ Այցի ժամանակ նախագահ Օբաման իրեն բնորոշ նրբավարությամբ Սպիտակ տանն ընդունեց Թուրքիայի վարչապետին` մահմեդականների մոտ ընդունված ողջույնով` «Սալամ ալեյքում», անվանելով նրան իր «անձնական բարեկամը»։ Թուրքիայի վարչապետն իր հերթին հայտարարեց, որ հուսով է դեռ երկար տարիներ համագործակցել հանուն երկու ժողովուրդների բարօրության։ Հանդիպումը տևեց երկու ժամ, դրան հետևած համատեղ հայտարարությանը հետևում էր ամբողջ Թուրքիան` Սպիտակ տնից ուղիղ եթերով։ Ընդ որում, թուրքական դիտորդները հարկ համարեցին ընդգծել, որ ԱՄՆ-ի նախագահն «առանձնապես կոմֆորտ վիճակում չէր` գտնվելով Թուրքիայի վարչապետի կողքին»։ Որքանով է այս ենթադրությունը համապատասխանում իրականությանը, թողնենք թուրքական փորձագետների խղճին ու թերևս բավարարվենք մի շարք հանգամանքներ արձանագրելով։
Ինչպես հայտնի է, քաղաքականության, առավել ևս դիվանագիտության մեջ ոչինչ պատահական չի լինում։ Ըստ այդմ, արդեն հետաքրքրական է, որ Էրդողանի այցը տեղի ունեցավ որոշ ուշացումով (այն նախատեսված էր նոյեմբերի սկզբին)։ Տարբեր փորձագետների կարծիքով` ուշացման պատճառ դարձան ոչ միայն ղարաբաղյան կարգավորման բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, այլև այն, որ Թուրքիան այդ ընթացքում փորձում էր վերջնականապես ձևակերպել կառավարող կուսակցության հռչակած նոր մոտեցումը` պրոբլեմների բացառում հարևանների հետ։ Միաժամանակ Եվրամիությունը կողմնորոշվեց իր ապագա նախագահի թեկնածության հարցում։
Ըստ այդմ, Վաշինգտոն ժամանելուց առաջ Էրդողանի համար արդեն իսկ ձևավորվել էր անհրաժեշտ քաղաքական ֆոն, ինչն իր ազդեցությունն ունեցավ «օրինակելի գործընկերների» բանակցություններում, և Արևմուտքի առջև կրկին հառնեց ճակատագրական հարցը, թե արդյո՞ք արևմտյան հանրությունը այլևս «կորցրել» է Թուրքիան։
Հարկ է նկատել, որ վերջին տարիներին Անկարայի արտաքին քաղաքական հավակնություններն աննախադեպ աճել են, և Թուրքիան սկսել է փոխել իր արտաքին քաղաքականության ձևաչափը։ Մասամբ զգացմունքային, մասամբ էլ խորամանկ կոմբինացիաներ կազմակերպելով` Անկարան ձգտում է նոր որակով հաստատվել համաշխարհային բեմահարթակներում։ Շատ փորձագետներ պնդում են, թե կառավարող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունն Օսմանյան կայսրության ժառանգությունը յուրացնելու հավակնություններ ունի և ձգտում է հիմնովին ամրապնդել իր դիրքերը հատկապես Մերձավոր Արևելքում։ «Մենք նեոօսմաններ ենք, ստիպված ենք զբաղվել հարևան երկրներով և նույնիսկ աչքաթող չենք անում Աֆրիկան։ Ես արդեն հանձնարարական եմ տվել, որ ցանկացած աֆրիկյան երկիր այցելելով` Սարկոզին պետք է աչքերը բարձրացնելիս տեսնի թուրքական դեսպանատունը և թուրքական դրոշը»,- «կայսերական» հպարտությամբ հայտարարել է Ահմեդ Դավուդօղլին։ Դժվար չէ կանխատեսել, որ հենց այս համատեքստում էլ Էրդողանի ամերիկյան այցը շատ կարևոր էր Թուրքիայի համար, ամբողջ աշխարհին ի ցույց դնելու, որ ԱՄՆ-ը Թուրքիան դիտարկում է որպես կարևոր գործընկերոջ և հավանություն տալիս նրա քաղաքականությանը։ Բայց հենց այդ առումով էլ մեծ հարց է` Օբաման թույլ տվե՞ց Էրդողանին ներքաշել իրեն թուրքական խաղի մեջ։
Ինչպես և սպասելի էր, Օբամա-Էրդողան հանդիպման օրակարգը բավականին լուրջ էր` Եվրամիություն, Իրան, Աֆղանստան, քրդական, կիպրոսյան, հայկական հիմնահարցեր։ Անուշադրության չմատնվեց այդ կարգի հանդիպումներում մշտական «փրկարար օղակը»` ահաբեկչության դեմ պայքարը, ուր կողմերը հերթական անգամ արձանագրեցին «լիարժեք փոխըմբռնում»։ Իսկ այ, մնացածի մասով ամեն ինչ բոլորովին էլ վարդագույն չէր։ Անշուշտ, դժվար է չհամաձայնել տարբեր դիտորդների ու փորձագետների այն կարծիքին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը փոխկապակցելով` Թուրքիայի վարչապետը բավականին խոցելի վիճակի մեջ դրեց ԱՄՆ-ի նախագահին, դրանով իսկ ապացուցելով, որ սկզբունքորեն չի հարգում Վաշինգտոնի առաջնահերթությունները և մտադիր չէ նպաստել վերջին շրջանում ամերիկյան արտաքին քաղաքականության գլխավոր ձեռքբերումներից մեկի խորացմանը, որն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Թեպետ այդ հայտարարությունները միայն մեկ բաղադրիչն են ԱՄՆ-ի «ռազմավարական դաշնակցի» նոր արտաքին քաղաքականության պարադիգմի։ Առայժմ կարելի է միայն արձանագրել, որ թուրքական «ուլտիմատումն» այս մասով տված է։ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապում է ղարաբաղյան հակամարտության հետ։ Ինչպիսին կլինի այս պահանջին ամերիկյան արձագանքը, թերևս ի հայտ կգա հետագա զարգացումներում։
Եվրամիության թեման նույնպես Վաշինգտոնում առաջնահերթ չդարձավ, որովհետև Արևմուտքից «նեղացած» Թուրքիան, կարծես, այլևս ցանկություն չունի շարունակաբար գլխով բախվելու եվրաինտեգրացիայի խուլ պատին։ Մանավանդ որ Էրդողանի ամերիկյան այցի նախօրեին Բրյուսելից հնչեցին հերթական կոշտ պահանջները, հասկացնելով, որ Անկարան այս ուղղությամբ առանձնակի հույսեր ունենալ չի կարող։ Շվեյցարիայում տեղի ունեցած «մզկիթների դեմ պատերազմը» ինքնին ուներ ակնհայտ հակաթուրքական ուղղվածություն։ Ի պատասխան Թուրքիան կոչ արեց իր հավատակիցներին հանել իրենց կապիտալը շվեյցարական բանկերից։ Այսինքն, չնայած պաշտոնական հայտարարություններին, Անկարայի համար եվրոպական երկիր դառնալու հավակնոտ երազանքը մղվել է երկրորդ պլան։ Ինչ վերաբերում է Թուրքիայի համար խնդրահարույց կիպրոսյան և քրդական հարցերին, ապա հույների հետ հարաբերություններն աստիճանաբար դարձել են Եվրամիության, այսինքն` Բրյուսելի միջնորդական առաջնահերթությունը։ Սակայն քրդական հարցն առանց Վաշինգտոնի միջամտության Թուրքիան կարգավորել չի կարող։
Իրաքյան պատերազմը, փլուզելով միասնական պետությունը, հնարավորություն տվեց քրդերին սեփական պետականությունը ստեղծելու։ Ավելին, ամերիկացիներն անմիջապես սկսեցին ակտիվորել գործակցել քրդերի հետ, դրանով իսկ հերթական ապտակը հասցնելով Թուրքիային և հարուցելով վերջինիս դժգոհությունը։ Հետագայում էլ Վաշինգտոնը կտրուկ դեմ հանդես եկավ Հյուսիսային Իրաք ներխուժելու Թուրքիայի մտադրություններին, և դրա արդյունքում Թուրքիայում բնակվող քրդերը, կառավարական ուժերի հետ հերթական բախումից հետո, քաշվեցին Իրաքի տարածք, ըստ էության, հայտնվելով ամերիկյան սվինների պաշտպանության տակ։ Եվ Վաշինգտոնն այս իրավիճակը փոխելու ո՛չ ցանկություն ունի, ո՛չ էլ հնարավորություն։ Սրան ավելացնենք Էրդողանի ամերիկյան այցի օրը Թոքատում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել էր 7 թուրք սպա։ Եվ չնայած այս հանգամանքին, Էրդողանի նախաձեռնած քաղաքական առևտուրը ԱՄՆ-ի համար կարևոր ռազմավարական ուղղություններով` Աֆղանստանի և Իրանի հետ կապված, չստացվեց։ ԱՄՆ-ի նախագահը դեռ դեկտեմբերի 1-ին էր հայտարարել Աֆղանստանում զորակազմը մեծացնելու իր մտադրության մասին և ակնկալում էր, որ Թուրքիան, իբրև ՆԱՏՕ-ի անդամ, համաձայն դաշինքի կանոնադրության, կդիմի համարժեք քայլերի։ Սակայն Էրդողանը հայտարարեց, որ 1750 թուրք զինծառայող արդեն գտնվում է Քաբուլում, նրանց թվակազմն ընդլայնվել է նոյեմբեր ամսին և կրկին ավելացնելը տրամաբանական չէր լինի։ Ինչպես նշում է թուրքական «Միլիեթ» թերթը, Թուրքիայի վարչապետը ստիպված է եղել «հիասթափեցնել ԱՄՆ-ի նախագահին, բայց այլ կերպ վարվել չէր կարող»։ Սա այն դեպքում, երբ Թուրքիան ՆԱՏՕ-ում ունի երկրորդ բանակը, որոշ ցուցանիշներով գերազանցում է նույնիսկ Գերմանիային։ Մինչդեռ թուրքական զինվորները Քաբուլում մարտական գործողություններին չեն մասնակցում, այլ զբաղված են շինարարությամբ։ Այն դեպքում, երբ աշխատող ձեռքերի պակաս այնտեղ չի զգացվում։
Եվ վերջապես, թերևս, բանակցությունների ամենագլխավոր թեման եղել է Իրանի միջուկային ծրագիրը։ Էրդողանը հարկ է համարել «հանդիմանել» Օբամային շտապողականության համար և հայտարարել, որ մշտական ճնշման քաղաքականությունը միայն կվնասի գործին։ Հընթացս առաջարկել է նաև իր ծառայությունները. «Թուրքիան կարող է միջնորդի դեր խաղալ այս գործընթացում, ես արդեն ունեմ մոտավոր գործողությունների ծրագիր, որը պատրաստ եմ կյանքի կոչելու»։ Եվ թեկուզ Վաշինգտոնում այդ գաղափարի նկատմամբ կարծես հետաքրքրություն է դրսևորվել, սակայն Օբամայի համապատասխան հայտարարությունից հետո, իր անունը բացահայտել չցանկացող Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, թե Թուրքիայի դերակատարությունն այս հարցում արդյունավետ կարող է լինել միայն այն դեպքում, եթե Անկարան Թեհրանին հասկացնի, որ նրա միջուկային ծրագիրը պետք է հետապնդի միայն խաղաղ նպատակներ։ Ի դեպ, Իրանն էլ իր հերթին անմիջապես հասկացրեց, որ միջնորդական ծառայությունների կարիք չունի` ԱԳՆ-ի մակարդակով արված հայտարարությամբ արձանագրելով. «Մեր հայացքները բացատրելու համար մենք այլ երկրների օգնության կարիքը չունենք»։ Իրանական թեմայի հետ կապված երևան եկավ ևս մի բոլորովին էլ ոչ միանշանակ իրողություն. պարզվում է, որ դեկտեմբերի 7-ին` Վաշինգտոն մեկնելուց երեք օր առաջ, Էրդողանը հանդիպել էր Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալալիի հետ։ Հանդիպումն անցել է փակ դռների հետևում, մամուլով մանրամասներ չեն հաղորդվել։ Սակայն մինչ այդ, հոկտեմբերին Իրանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Էրդողանը խոստացել էր Մահմուդ Ահմադինեժադին ռազմական օժանդակություն, այդ թվում` հետախուզական տվյալների տրամադրում և նույնիսկ թուրքական ռազմաօդային ուժերի միջամտություն, եթե իրանական միջուկային օբյեկտները ենթարկվեն հարվածի։ Այդ համագործակցության մանրամասներն իրանական և թուրքական ռազմական մասնագետները ճշգրտել են Ստամբուլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ` նոյեմբերի 9-ին։ Այս անչափ հետաքրքրական տեղեկությունն այնքան է ցնցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզությունների պատասխանատուերին, որ վերջիններս միանգամից չեն տեղեկացրել իրենց ղեկավարությանը, թե Թուրքիայի վարչապետը «այդքան հեռու է գնացել»։
Այսպիսով, ռուսական փորձագետների կանխատեսումները, թե Անկարան այրում է կամուրջներն Արևմուտքի հետ, եթե անգամ վաղաժամ են, ապա, այնուհանդերձ, փաստ է, որ առաջին անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Անկարան պատրաստ է եղել Վաշինգտոնում հանդես գալու ուժի դիրքերից։ Չնայած բանակը Թուրքիայում ծանրակշիռ քաղաքական դերակատարություն ունի, և նրա ղեկավարության դիրքորոշումն ամերիկամետ է, այնուհանդերձ, ՆԱՏՕ-ում էլ կասկածներ կան Անկարայի դաշնակցային պարտավորությունների հետ կապված։ Ինչպես նշում են ՆԱՏՕ-ի առանձին փորձագետներ, Թուրքիան ապագայում կդառնա անհուսալի գործընկեր։ Այս տարվա փետրվարին ամերիկյան ուղեղային կենտրոններից Հադսոնի ինստիտուտն այս կապակցությամբ տվել էր եզրակացություն. «ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև դաշինքը, որ ծնվեց 1947-ին Հարրի Տրումենի դոկտրինի հիման վրա, վտանգված է։ Թուրքիան և ԱՄՆ-ը լողում են տարբեր կողմեր և բավականին արագ»։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1458

Մեկնաբանություններ